«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Պայթում ենք ու պայթում. ինչո՞ւ և մինչև ե՞րբ

Պայթում ենք ու պայթում. ինչո՞ւ և մինչև ե՞րբ
05.06.2015 | 00:40

Գազալցակայաններում իրար են հաջորդում պայթյունները, դժբախտ պատահարների մասին լրահոսում գազալցակայանները սկսում են մրցակցել կամուրջների հետ, որտեղից պարբերաբար նետվում են կյանքի հետ խռովածները:

Ինչո՞ւ են գազալցակայանները դարձել կյանքի համար վտանգավոր: Պատճառները կարող են լինել օրենսդրական, տեխնիկական, քաղաքական, գուցե նաև անձնական:
Սկսենք օրենսդրականից: Որպեսզի գազալցակայան բացվի, թույլտվություն է պետք ճանապարհային ոստիկանությունից, կապի և տրանսպորտի, բնապահպանության, քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարություններից, «Գազպրոմ Արմենիա» ԲԲԸ-ից, քաղաքապետարանից կամ մարզպետարանից: Ի՞նչ հիմքով են տրվում թույլտվությունները, ի՞նչ չափորոշիչներ են պետք թույլատրելու կամ արգելելու համար: Սա հարցի մի կողմն է: Կա երկրորդ կողմը՝ դուք ստացել եք թույլտվություն և բացել եք գազալցակայան, ձեզ պիտի վերահսկեն արտակարգ իրավիճակների նախարարությունը, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, «Գազպրոմ Արմենիա» ԲԲԸ-ն: Գործնականում ստուգումներ չեն կատարվում, կամ կատարվում են ձևական, հայտնաբերվում են թերություններ, գազալցակայանների տերերը տուգանվում են ու շարունակում են գործել: Միայն երկու պայթյունից հետո եղավ վարչապետի հանձնարարականը՝ ստուգումներ կատարել, և հանձնարարականից մեկ շաբաթ հետո, երբ երրորդ պայթյունն էր եղել, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ սկսում են ստուգել: Ստուգումների նպատակը պետք է լինի ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ: Իրավական ակտերը, եթե կան, փաստորեն արդյունավետ չեն գործում, ոլորտի գործունեությունը պետք է օրենքով կարգավորվի: Բայց ընդհանրապես կարգավորվո՞ւմ է:
Օրենսդրական խնդիրների հետ միահյուսված են տեխնիկական խնդիրները: Պայթյունների հիմնական պատճառ դառնում են գազի բալոնները: Հայաստանում մեքենաների մոտ 75 տոկոսը գազով է աշխատում: Գազի բալոններով ավտոմեքենաները սկսել են աշխատել 1992-1993-ից, իսկ մարդատար մեքենաներն անցել են գազի 1996-1997-ից, պարզ թվաբանությունը վկայում է, որ անցել է 18-19 տարի, իսկ բալոնների շահագործման թույլատրելի ժամկետը 15 տարի է, եթե պահպանվել են լիցքավորման և շահագործման նորմերը: Շատ մեքենաներ աշխատում են հին բալոններով՝ մեքենատերերը խնայում են գումարը՝ մինչև վերջին խազը օգտագործելով հինը՝ առանց մտածելու հետևանքների մասին: Մինչդեռ Հայաստան գազի նոր բալոններ ներմուծվում են Չինաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, գնի և որակի տարբերություն գրեթե չկա, գազի բալոններ արտադրվում են նաև Հայաստանում: Նոր բալոնի գինը տատանվում է 200-400 դոլարի սահմաններում՝ կախված բալոնի տարողությունից: Բալոնի փորձաքննությունը 8-15000 դրամ է: Այստեղ արդեն ի հայտ է գալիս մարդկային գործոնը՝ լիցքավորվող մեքենայի տիրոջ պատասխանատվությունը: Վարորդները կամ տեղեկացված չեն, որ բալոնները պարբերաբար պետք է ստուգվեն՝ տեխնիկական անվտանգության համապատասխանության չափորոշիչներով, կամ խնայում են 8-15000 դրամը՝ վտանգելով և իրենց, և գազով աշխատող մեքենայի, և գազալցակայանի աշխատակիցների, և մոտակայքում գտնվող մարդկանց կյանքը: Ավելին՝ գազով աշխատող մեքենայի վարորդը պետք է ունենա համապատասխան որակավորում՝ գազալիցքավորված մեքենայով աշխատելու համար՝ մասնագիտական դասընթացներ անցնելուց և վկայական ստանալուց հետո: Բալոնների թեստավորումը պետք է լինի պարտադիր պայման և պետք է տրվի տեղեկանք՝ բալոնի սարքինության մասին: Հասկանալի չէ, թե ինչու այդ ծառայությունը 8-15000 դրամ գին ունի, պետական բյուջեն լցնելու ուրիշ տարբերակ չկա՞: Թեստավորում անցկացնող լիցենզավորված ընկերություններ կան: Քանի՞ վարորդ գիտի նրանց տեղը և քանի՞ վարորդ է պարբերաբար ստուգում լիցքավորվող բալոնի պիտանիությունը: Մարդկային գործոնի՝ վարորդի գիտակցությանն ու պատասխանատվությանը թողնել այս հարցը հավասար է հանցագործության՝ վարորդը հազար ու մի պատճառաբանություն կարող է ունենալ՝ ժամանակ չկա, փող չկա, մեքենան իմը չէ: Հարցը պիտի լուծվի օրենքով՝ եթե բալոնը թեստավորված չէ և թեստավորման վերաբերյալ տեղեկանք չկա, մեքենատերը ոչ թե պիտի տուգանվի, այլ նրան պիտի արգելվի մեքենան վարել: Ճանապարհային ոստիկանությունը պիտի զբաղվի այդ հարցով: Արագաչափերը կարող են վտանգավոր ոչինչ չարձանագրել, բայց բնական պայթուցիկով շարժվող մեքենան ցանկացած պահի վտանգավոր է երթևեկության բոլոր մասնակիցների համար: Բալոնները պայթում են հիմնականում լիցքավորելիս, գազալցակայանը այս պարագայում կարող է մեղավոր լինել, եթե խախտվել են լիցքավորման տեխնիկական պարամետրերը՝ սովորաբար 200 բար ճնշման փոխարեն լիցքավորումը 270 բարով է կատարվել, ինչն էլ պայթուցիկ է դարձնում թերություն ունեցող բալոնները, թեպետ վերջին պայթյունը Չարենցավանում տեղի է ունեցել 170 բար ճնշման տակ, ինչն արձանագրել է փորձաքննությունը, և դա առավել քան տարօրինակ է: Կա նաև տեխնիկական այլ խնդիր՝ գազի որակը, որի պատասխանատուն «Գազպրոմ Արմենիան» է և գազալցակայանը: Ի՞նչ որակի գազ է մատակարարվում գազալցակայաններին, որ պայթում են բալոնները: Սա ևս տեխնիկական հարց է՝ առաջին կարևորության:
Բավականին բարդ հանգույց է ստացվում՝ օրենսդրական դաշտի բացերը, օրենսդրական ակտերի և օրենքների կատարման խիստ կասկածելի որակը և վերահսկողության նույնքան կասկածելի մակարդակը, հավելած տեխնիկական խնդիրները, որ նույնքան կապվում են օրենսդրական հարցերի ու մարդկային գործոնի հետ: Իսկ հետևանքը մարդկային կորուստներն են: Մինչև երեքն արդեն հաշվել ենք, շարունակելո՞ւ ենք: Թերևս՝ այո, որովհետև այս բարդ հանգույցը քակելը ժամանակ է պահանջում, եթե ընդհանրապես որևէ կառույց, բացի սպառողների միություններից, շահագրգիռ է, որ հանգույցը քակվի և գազալցակայանները դադարեն դեպի գերեզմանոց ճանապարհ լինել:
Բացի այդ՝ կա նաև քաղաքական խնդիր: Գուցե նաև աշխարհաքաղաքական: Դավադրությունների տեսության կողմնակից չեմ ընդհանրապես, հարգում եմ անմեղության կանխավարկածը բոլոր պարագաներում: Բայց երբ վերացարկվում ենք կոնկրետ գազալցակայանների կոնկրետ պայթյուններից և իրավիճակին նայում ենք համադրելով այլ իրադարձությունների հետ, ստացվում է նվազագույնը տարօրինակ պատկեր՝ պայթյունները սկսվեցին էլեկտրաէներգիայի թանկացման ՀԷՑ-երի հայտի և «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիաներին զուգահեռ: Եվ՝ հետևեցին Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որտեղ Հայաստանի վերաբերյալ որոշվեց նոր բանակցությունների մանդատ տրամադրելու հարցը՝ քաղաքական ու տնտեսական համագործակցության սահմանները որոշարկելու նպատակով: Վերջերս պարզվեց, որ ատոմակայանի հումքը ևս թանկացել է՝ դոլար-դրամ փոփոխության պատճառով: Այսինքն՝ և/և-ի քաղաքականությունը, որ բացահայտ ու բարձրաձայն չի կարող արգելվել, գործնականում կարող է արգելակվել տարատեսակ տեխնիկական և երբեք չապացուցվող միջոցներով ու պարզապես ֆինանսական պատժամիջոցներով, որոնք միանշանակ հիմնավորվելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Կա նաև շատ ավելի պրոզաիկ, բայց շատ ավելի գործուն տարբերակ. այսօր Հայաստանում գործող 456 գազալցակայանների ոլորտում չկա մենաշնորհ՝ տերերը շատ են ու տարբեր, իսկ գազի բիզնեսը բավականաչափ շահութաբեր է՝ համարյա կանգառի մեջ գտնվող տնտեսության մեջ, ընդհանուր գնողունակության անկման համապատկերում, որ փորձ չարվի «պատահական» տերերին դաշտից դուրս մղելու և կոնկրետ մեկի գրպանը հարստացնելու համար: Առավել ևս, որ վարչապետի հանձնարարականից հետո, երբ վերջապես կատարվեն ստուգումները, փայլուն պատճառ է «անտեր» գազալցակայանները փակելու համար: Մաֆիան, ինչպես հայտնի է, անմահ է, գազը, այո, տհաճ հոտ ունի, բայց գազից աշխատած փողերից հոտ չի գալիս: Փողից, ընդհանրապես, հոտ չի գալիս, պարզապես մեկ-մեկ արյան գին ունի: Որպես կանոն՝ «գործին» չառնչվող մարդկանց: Կա նաև շատ ու շատ ավելի պրոզաիկ, բայց հենց դրանով ազդեցիկ գործոն՝ եղել են պայթյուններ, եղել են զոհեր, հարուցվել են քրեական գործեր ու ստեղծվել է հիանալի հնարավորություն՝ ներիշխանական դաշտում հաշիվներ մաքրելու, աջ ու ահյակ գլորելու տակառները, որ վաղուց են լցված և բոլորովին էլ ոչ գազով, այլ՝ տարիների ընթացքում կուտակված չարությամբ, նախանձով, մանրախնդրությամբ, իսկ հիմնականում՝ ազատ մրցակցությունը բացառելու, հնարավոր ու անհնար շահույթին միայնակ տնօրինելու, վերջապես՝ բիզնեսի հերթական չափաբաժինը հերթական վերաբաժանման ենթարկելու պատվերով: Գաղջ մթնոլորտում պայթուցիկ է ամեն ինչ, ոչ միայն գազը: Սա Հայաստանն է, ու՝ վերջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Պայթյուններից մարդիկ են զոհվել: Ով էլ մեղավոր լինի, թեկուզ հենց իրենք, չափազանց բարձր գին է որևէ խնդիր լուծելու համար: Ցավակցում եմ նրանց հարազատներին սրտանց: Իսկապես դաժան է, որ մինչև մարդ չմեռնի, սայլը տեղից չի շարժվի, եթե ընդհանրապես շարժվելու է: Պատկերացնում եմ նրանց հարազատների վիճակը և հասկանում եմ, որ բոլոր այս դատողությունները, տարբերակները, վարկածներն ու եզրակացությունները ցինիկ ու ավելորդ են, երբ համադրում ես մարդու կյանքի ու մահվան հետ: Բայց կյանքը շարունակվում է, և պետք է փրկել չորրորդ հնարավոր զոհի կյանքը: ՈՒստի այս թեման լինելու և մնալու է ուշադրության կենտրոնում ու անպայման շարունակվելու է՝ թե ոլորտի ընդհանրական խնդիրների, թե կոնկրետ գազալցակայանների վերաբերյալ:

Դիտվել է՝ 2060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ